Հակածխախոտային նախագիծն ունի էական բացթողումներ և անճշտություններ

MasterNews

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, կարևորելով առողջ ազգաբնակչություն ունենալու և ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարելավելու ցանկացած նախաձեռնություն, վերլուծել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու տարածել հայտարարություն։

Հայտարարության հիմնական դրույթներն են․

  • հակածխախոտային նախագիծը կարող է դառնալ կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից;
  • հակածխախոտային նախագիծն ունի էական բացթողումներ և անճշտություններ;
  • հակածխախտային նախագիծն ունի շարադրման հստակության խնդիր, ինչը կարող է բերել տարաբնույթ մեկնաբանման;
  • նման մշակմամբ նախագծի ընդունումը կարող է բերել հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրառման հետևանքով։
  • հակածխախոտային պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, հետևաբար անհրաժեշտ է նախագծի վերաբերյալ ծավալել հանրային քննարկումներ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։

Ըստ էության, կառավարման խորհուրդը կասկածի տակ չի դնում հակածխախոտային պայքարի անհրաժեշտությունն ու բնակչության ընկալումներում ծխելը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելուն ուղղված աշխատանքը։ Հայտարարությունը մեծամասամբ վերաբերում է ծխելու դեմ պայքարի մեթոդաբանությանն ու օրենքի կիրառելիության ապահովմանը։

Հիշեցնենք, որ e-draft կայքում տեղադրված հակածխախոտային օրենքի նախագիծը հակասական ընդունվեց ինչպես բնակչության, այնպես էլ գործարար ոլորտի տարբեր ներկայացուցիչների կողմից։ Նախագծի վերաբերյալ առ այսօր չկա հանրային համաձայնություն։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ամբողջական հայտարարությունը՝ ստորև․

«Ողջունելով առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից և ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից ներկա և ապագա սերունդներին պաշտպանելուն ուղղված ջանքերը,

Կարևորելով Հայաստանում ծխելու մակարդակի կրճատմանն ու կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխելը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելուն ուղղված նախաձեռնությունները,

Վստահ լինելով, որ առողջ ազգաբնակչություն ունենալու նախապայմաններից կարևորագույնն են պետությունների՝ ծխելու դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունները,

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և գտնում է, որ հիշյալ Նախագիծն ունի էական բացթողումներ և անճշտություններ, որոնք կարող են բերել ոչ միայն տարաբնույթ մեկնաբանությունների, այլև հանդիսանան կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ Օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից։ Ավելին, արդյունքում դա կարող է բերել նաև հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրարկման հետևանքով։

Կոալիցիան վստահ է, որ առողջ ազգաբնակչություն ունենալուն միտված պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, ուստիև կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը ծավալել հանրային քննարկումներ հիշյալ Նախագծի վերաբերյալ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։

Կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը վարել կառուցողական  երկխոսություն, համագործակցել Նախագծի հստակեցման և վեր հանված բացթողումների շտկման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել հանրային քննարկումներ և տրամադրել փորձագիտական աջակցություն բարձրացրած հարցադրումներին ու մտահոգություններին պատշաճ կերպով արձագանքելու պարագայում»։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որն ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել: Պուտինն ասել է, որ […]
Share
Instagram
Telegram