Զուգահեռ ձերբակալություն. բացվում են արյունոտ փակագծերը

MasterNews

Մարտի 1-ի զոհերից մեկի սպանության գործով կասկածյալի ձերբակալությունը վկայում է, որ Հատուկ քննչական ծառայությունը հետեւողական աշխատում է այդ ուղղությամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայտնի է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականին ներքին զորքերի շտաբի պետի Գեղամ Պետրոսյանը: Նրան կասկածում են Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար՝ հրազենի գործադրմամբ: Ըստ դեռեւս նախորդ իշխանության շրջանում կատարված քննության, Զաքար Հովհաննիսյանը սպանվել է ատրճանակով, որովհետեւ նրա որովայնից դուրս է բերվել 9մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտ:

Ձերբակալության մասին տեղեկությունից հետո համացանցում շրջանառվել է տեսանյութ, որը Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբում Գեղամ Պետրոսյանի հարցաքննության մասին է: Այդ հարցաքննությանը Պետրոսյանը բավականին նյարդային է եւ պնդում է միայն այն, որ ամեն ինչ եղել է օրենքով:

Արդյոք նա որեւէ նոր բան կպնդի նոր կարգավիճակում, ձերբակալությունից հետո:

Փաստահավաք խումբը Մարտի 1-ից հետո ստեղծվել էր Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ խմբում ընդդիմության ներկայացուցիչներից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր: Նա այժմ խորհրդարանում կառավարող մեծամասնության պատգամավոր է՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ:

Քոչարյանը նաեւ օրերս ստեղծված ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովը աշխատանքը սկսեց նախօրեին, անցկացնելով առաջին նիստն ու որոշելով, թե ինչ ժամանակացույցով է գնալու առաջ:

Հատկանշական է, որ Մարտի 1-ի գործում լրջագույն անակնկալի՝ սպանություններից մեկի համար կոնկրետ ձերբակալված կասկածյալի մասին տեղեկությունը համընկավ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մեկնարկի հետ:

Հայաստանը փաստացի իրականացնում է զուգահեռ երկու առանցքային քննություն՝ Մարտի 1 եւ ապրիլյան պատերազմի հանգամանքներ: Մեկը իրականացվում է բացառապես քրեա-իրավական մեխանիզմով, մյուսը՝ քաղաքական կառույցի գործիքակազմով: Երկու գործն էլ միաժամանակ ունեն ահռելի քաղաքական համատեքստ, կամ այլ կերպ ասած՝ դրանք «արյունով» պարփակել են Հայաստանի պետականության կարեւորագույն տասնամյակը, այն փաստացի պետականության վերջին տասնամյակ դարձնելու սպառնալիքով:

Մարտի 1-ը իր քաղաքական մեծ շերտավորումով փաստացի դարձել էր Հայաստանում քաղաքական, սոցիալ-հոգեբանական քայքայում «երաշխավորող» գործընթաց, որը թեկուզ անուղղակի, սակայն բավականին շոշափելի պատճառահետեւանքային կապով հանգեցրեց քաղաքական դիմադրունակության համակարգի այնպիսի քայքայման, որ հնարավոր դարձրեց Հայաստանի դեմ ապրիլյան պատերազմի հանդգնությունը: Դրանով պլանավորված հայկական պետականության սուբյեկտային ոչնչացումը անհնար դարձրեց հայկական բանակն ու հանրության կամավորական ջանքը:

Այդ իմաստով, Մարտի 1-ի գործի քննությունն ու ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հայկական պետական ինքնիշխանության եւ դիմադրունակության վերականգնման երկու կարեւոր զուգահեռ են, հնարավոր է փոխլրացնող անմիջականությամբ կամ անուղղակի փոխլրացումով: Այստեղ չափազանց կարեւոր է, որպեսզի երկու գործընթացն էլ զերծ լինեն ներքին հաշվեհարդարի տրամաբանությունից, որքան էլ այդ կապակցությամբ զգան հանրային որոշակի խմբերի տրամադրություն-պահանջ: Որովհետեւ հիմնարար խնդիրը Հայաստանի, հայկական պետականության դեմ հաշվեհարդարի հնարավորությունը պարզելն է, կամ բացառելը, այդպիսով էլ հաղթահարելով քայքայիչ բարդույթներ ու անցնելով առաջ:

http://lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դոյչե բանկը բռնագրավել է 20 տոննա վենեսուելական ոսկին

Deutsche Bank-ը բռնագրավել է 20 տոննա վենեսուելական ոսկի, որը գրավ էր թողնված 2016 թվականի վարկի համար, հայտնում է Բլումբերգը՝ հղում անելով իր աղբյուրներին: 2016 թվականին […]
Share
Instagram
Telegram