Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

MasterNews

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը  շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի´ երեխաներ եւ հարգելի´ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերեւս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Յուրաքանչյուր մեծի ցանկությունն է, անել առավելագույնը, որ Ձեր մանկությունը լինի առողջ, անհոգ ու ապահով, որ ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա եւ հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:

Ցանկանում եմ, որպեսզի դուք ապրեք ներառական հասարակությունում, լինեք սոցիալապես պաշտպանված ու կարողանաք օգտագործել կրթություն ստանալու ձեր իրավունքը:

Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռեւս ունենք բավական անելիքներ: Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի: Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ Ձեզ սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մասիսում 41-ամյա տղամարդը դանակը դրել է վաճառողուհու պարանոցին ու փող պահանջել

Մայիսի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել: Դեպքի […]
Share
Instagram
Telegram