Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացումը բողոքարկող դիմումը

MasterNews

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է «Datalex» դատական տեղեկատվական համակարգը։

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանիկայացրած երկու որոշումները:

Բողոքի բովանդակությունը հետևյալն է. «Վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան)` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (ՀՀ քր.օր. 300.1 հոդ. 1-ին մասով և 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով) նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ 18.05.2019թ. որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը»:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի […]
Share
Instagram
Telegram