Բաքվում ԵԼ եզրափակչի ժամանակ մարդկանց անվճար ներս են թողել, որ մարզադաշտը դատարկ չլինի

MasterNews

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչի ժամանակ Ադրբեջանի իշխանությունները բացել են «Օլիմպիական» մարզադաշտի դարպասներն ու անվճար ներս թողել բազմաթիվ երկրպագուների: Այս մասին գրում են բրիտանական The Independent-ը, The Times-ը, The Sun-ը եւ այլն: Դա տեղի է ունեցել առաջին խաղակեսում: Իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ տրիբունաներում քիչ մարդ է եղել:

«Արսենալի» երկրպագուներից մեկը պատմել է, որ հանդիպման մեկնարկից մոտ կես ժամ անց տրիբունաները լցվել են: Ֆուտբոլասերը նշել է նաեւ, որ մարզադաշտ մտած երեխաներին «Արսենալի» դրոշներ են տված եղել:

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն դեմ է եղել այդ քայլին, ու դա արվել է առանց եվրոպական ֆուտբոլը ղեկավարող մարմնի թույլտվության: ՈՒԵՖԱ-ն զայրացած է, ու տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննությունն է սկսելու:

Եզրափակչի մասնակիցների՝ «Արսենալի» ու «Չելսիի» երկրպագուները շատ քիչ են եղել: Թիմերից յուրաքանչյուրին հատկացված էր մոտ 6000 տոմս: Դրանցից մեծ մասն ակումբները նախապես հետ էին վերադարձրել ՈՒԵՖԱ-ին: Ըստ լրատվամիջոցների՝ Բաքու է գնացել 2 թիմերի ընդամենը 5500 երկրպագու: Պատճառը եղել է հեռավորությունը, չվերթների սահմանափակ ու թանկ լինելը, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանում թանկ է կեցությունը: Նշվում է, որ միայն ճանապարհորդության համար ֆուտբոլասերները ծախսել են 1000-ական ֆունտ ստեռլինգ՝ չհաշված այլ ծախսերը:

Ներկա գտնված երկրպագուներն էլ դժգոհ են մնացել: Նրանք ասել են, որ բավական հեռու են եղել խաղադաշտից: Մթնոլորտից բողոքել են նաեւ հեռուստատեսությամբ մեկնաբանող Սեսկ Ֆաբրեգասն ու Էյդուր Գուդյոնսենը: Լրատվամիջոցներն էլ ընդգծում են, որ դա կարծես ոչ թե եզրափակիչ լիներ, այլ նախամրցաշրջանային ընկերական հանդիպում:

Լրատվամիջոցները նաեւ հերթական անգամ պատմում են եզրափակչի հետ կապված գլխավոր սկանդալը՝ այն, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու չէր մեկնել՝ անվտանգության նկատառումներով: Նաեւ նշում են, որ Բաքվի փողոցներում ոստիկանները կանգնեցրել են Մխիթարյանի մարզաշապիկով ֆուտբոլասերներին: Լրատվամիջոցները նաեւ հիշեցնում են, որ այս մարզադաշտը դեռ պետք է ընդունի Եվրո 2020-ի մի քանի հանդիպումներ:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մարտական մեքենաների բաքերից դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել

Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի […]
Share
Instagram
Telegram