Գրել է շվեյցարացի, բեմադրել ֆրանսիացի, խաղում են հայերը. Պրեմիերա Թավշյա հեղափոխության մասին

MasterNews

Հունիսի 2-ին ԳՈՅ թատրոնում պրեմիերա է սպասվում: Հայ-ֆրանսիական համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է «Մադամ Կ-ն ու թավշյա հեղափոխությունը» ներկայացումը: 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին նոր ներկայացման բեմադրող ռեժիսորը ֆրանսիահայ Սերկո Աղյանն է:

Պիեսի հեղինակն էլ շվեցարացի Էմանուել Դելլե Պիանեն է, որը թավշյա հեղափոխության օրերին եղել է Հայաստանում, ականատես եղել այստեղ տեղի ունեցածին եւ տպավորություններն ու զգացողությունները հանձնել թղթին: Էմանուել Դելլե Պիանեն այստեղ համագործակցել եւ ակտիվ շփում է ունեցել ԵՊԼՀ-ի ուսանողների հետ, այստեղից մեկնելուց մի քանի ամիս անց գրել եւ ուղարկել պիեսը:

Բրյուսովի դասախոս Անի Ջանիկյանն իր ուսանողներնի հետ միասին իրականություն է դարձրել շվեյցարացի գործընկերոջ հեղինակածը:

«Մադամ Կ-ն ու թավշյա հեղափոխությունը» ներկայացումը կոմեդիա է: Գլխավոր դերակատարի՝ Մադամ Կ-ի կերպարը մարմնավորում է ԵՊԼՀ-ի դասախոս Անի Ջանիկյանը: Անի Ջանիկյանը համալսարանում ունի նաեւ թատերական խումբ, որն արդեն 8 տարի է՝ գործում է: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում ներկայացման ընթացքում երկխոսություններ են դասախոսի եւ ուսանողների միջեւ, քաղաքական քննարկումներ եւ մի շարք հետաքրքրաշարժ ու զավեշտալի դեպքեր:

Ներկայացման գլխավոր դերակատարը մի փոքր ներկայացրեց նաեւ ընդհանուր սյուժեն: Ֆրանսերենի դասախոս Մադամ Կանիջյանը Թավշյա հեղափոխության թեժ օրերին Ֆրանսիա մեկնելու պաշտոնական հրավեր է ստանում, հրավերը ստանալուց հետո նա տարվում է այդ մտքով, եւ միակ երազանքն է դառնում մեկնել եւ ուսանողական իր թատերախմբով հանդես գալ միջազգային ուսանողական թատերական փառատոնում: Մադամ Կանիջյանն անընդհատ փորձեր է անում տանը, համալսարանում, երբեմն անգամ դեկանատում, ուր պատահի:

Եվ վերջապես գալիս է ինքնաթիռի տոմսերն ու ճամպրուկները պատրաստելու ժամանակը: Փարիզում, սակայն, հենց սկզբում, ուսանող-դերասաններին հիասթափություն է սպասում՝ Ֆրանսիան ամենեւին այն երազային երկիրը չի թվում, որն իր դասախոսությունների ընթացքում նկարագրել էր Մադամ Կանիջյանը:

Այնուամենայնիվ, թատերախումբը հաջողությամբ ներկայացնում է բեմադրությունը եւ պատրաստվում վերադառնալ Հայաստան: Սակայն անորոշ ժամանակով գամված են մնում Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, քանի որ արդեն «պայթել էր հեղափոխությունը» եւ ուղեւորները չէն կարողանում փոխադրվել Երեւան:

Անի Ջանիկյանը հայտնեց, որ ներկայացումը բեմադրելու համար իրենց թիմն աջակցություն է խնդրել մշակույթի նախարարությունից, սակայն մերժում են ստացել, որոշ դետալներ նախապես ծրագրածի նման չեն արվել: «Մեզ աջակցել է Բրյուսով համալսարանը՝ տրամադրելով դահլիճը, քանի որ չունեինք դահլիճ վարձակալելու գումար: Ռեժիսորի պատկերացմամբ՝ բեմը պետք է 3D Էֆեկտով, ամբողջը պաստառներով ու հետաքրքիր պատկերներով լիներ, բայց մեր ունեցած սուղ միջոցներով հնարավոր չեղավ»,-ասաց նա:

Այնուամենայինիվ, Ջանիկյանը հույս ունի, որ ներկայացումը հայ թատերասերների կողմից ուշադրության կարժանանա: Այն հայ հանդիսատեսին եւս մեկ անգամ վերհիշել կտա թավշա հեղափոխության թեժ օրերը, բայց այս անգամ մի փոքր այլ տեսանկյունից:

Ցուցապաստառի նկարի հեղինակն Անի Մանարյանն է

«Մադամ Կ-ն ու թավշյա հեղափոխությունը» ներկայացումը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով։ Տոմսերի արժեքը՝ դպրոցականների համար՝ 500 դրամ, ուսանողների եւ դասախոսների համար՝ 1000 դրամ, իսկ մյուսների համար 2.500 դրամ

 

http://armtimes.com 

Աղունիկ Հովհաննիսյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել (լրացված)

Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն […]
Share
Instagram
Telegram