17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Արթուր Մեսչյան. «Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար»

Երևանի վարչական շրջանների լիազորությունները քաղաքաշինական ու ճարտարապետական հարցերում կընդլայնվեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Վարչական շրջանների ղեկավարները համայնքի պահանջները շատ ավելի լավ գիտեն և կարող են բնակիչների հետ կոորդինացնել բոլոր հարցերը: Ցանկացած շինարարություն այսօր բերում է բնակիչների դժգոհությունը»,-ասաց նա:

Մեսչյանը ցավով նշեց, որ շատ ծրագրեր կան, որոնք Երևանի քաղաքապետարանն ուզում է իրականացնել, սակայն խոչընդոտ են հանդիսանում օրենքները: «Երևանի ավագանին պիտի մեզ օգնի այդ հարցում»,-նշեց նա:

Անդրադառնալով Երևանի վթարային շենքերի բնակիչների խնդիրներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ վթարային շենքերի բնակիչները կտեղավորվեն այն ծրագրերի մեջ, որոնք իրականացնում է կառուցապատողը, քանի որ համայնքային բյուջեով նման ծրագրեր իրականացնելն անհնար է:

«Քաղաքապետարանը հայթայթում է գումար, որ կարողանա իրագործել շատ կարևոր ծրագրեր: Իհարկե, լավ կլիներ, որ քաղաքը դրանց համար իր բյուջեն ունենար: Կա խնդիր և մենք փորձում ենք դա լուծել: Տրամաբանական է, թե ոչ, թողնում եմ ձեզ, բայց միակ տարբերակը սա է»,-հավելեց նա:

Արթուր Մեսչյանն ասաց, որ եթե մոտակա ժամանակահատվածում իր իրավասության տակ գտնվող բաժինների աշխատողների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18:00-ին բոլորին ուղարկելու է տուն, և ոչ ոք այդ ժամից հետո աշխատանքի վայրում չի լինելու:

«Էլ չեմ խոսում շաբաթ ու կիրակի օրերի մասին: Դա կարող եք ընդունել որպես նախազգուշացում: Այն աշխատավարձը, որ ստանում են մարդիկ, ովքեր կատարում են այդ աշխատանքը, տրամաբանության սահմաններում չէ: Տգեղ խոսակցություններ են գնում քաղաքապետի աշխատավարձի հետ կապված: Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար: Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում օգտակար լինել քաղաքին և ինչ-որ չափով բարոյական աջակցություն պետք է պահանջենք»,-հավելեց նա:

http://yerkirmedia.am

error

Կիսվեք լուրերով