ԱՊԼ ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը 6 գոլ է խփել, 4 անգամ լավ հնարավորություն բաց թողել

MasterNews

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ ավարտեց ելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018-19 մրցաշրջանում: «Զինագործները» չկարողացան առաջնության արդյունքներով տեղ զբաղեցնել լավագույն քառյակում ու Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր ձեռք բերել: 70 միավորով 5-րդ տեղում են՝ Եվրոպա լիգայի գոտում, ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր կարող են նվաճել, եթե մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթեն «Չելսիին»:

Մրցաշրջանի ընթացքում լոնդոնցիներն ԱՊԼ շրջանակներում մրցակիցների դարպասը գրավել են 73 անգամ: Դրանցից 22-ի հեղինակը Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է, որն այդ ցուցանիշով դարձել է առաջնության 3 ռմբարկուներից մեկը: Մխիթարյանը, որը մասնակցել է 25 հանդիպման, խփել է իր թիմի գոլերից 6-ը: Նա մեկական անգամ գրավել է «Բորնմութի», «Վուլվերհեմփթոնի» ու «Չելսիի», 3 անգամ՝ «Սաութհեմփթոնի» դարպասը, որի դեմ հանդիպումներից մեկում դուբլ է ձեւակերպել:

Կիսապաշտպանը նաեւ գոլային 4 փոխանցում է կատարել: Ըստ Transfermarkt-ի՝ նա ընդհանուր առմամբ 1642 րոպե է անցկացրել խաղադաշտում ու աչքի է ընկել ամեն 274 րոպեն մեկ: Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքն ավելի մանրամասն է ներկայացնում հայ ֆուտբոլիստի վիճակագրությունը: Նշվում է, որ 1 անգամ նա աչքի է ընկել գլխով հարվածով: Մնացած գոլերից 3-ը խփել է աջ, 2-ը՝ ձախ ոտքով: 1 անգամ նրա հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարապսաձողից: Ընդհանուր առմամբ նա դեպի դարպասը 49 հարված է կատարել, դրանից 14-ը եղել է դարպասին: Հարվածների ճշգրտությունը 29% է: 4 անգամ նա բաց է թողել դարպասը գրավելու լավ հնարավորություն: 3 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում:

25 խաղում Մխիթարյանը 796 փոխանցում է կատարել՝ միջինում 1 խաղում 31.84 փոխանցում: 10 անգամ թիմակիցների համար գոլ խփելու հնարավորություն է ստեղծել:

ԱՊԼ ավարտված մրցաշրջանի ընթացքում հայ ֆուտբոլիստը կանոնները խախտել է 27 անգամ: Ոչ մի անգամ չի հեռացվել խաղադաշտից: Ընդամենը 1 դեղին քարտ է ստացել:

Ավարտվող մրցաշրջանում Մխիթարյանին 1 խաղ է մնացել «Արսենալի» կազմում՝ Բաքվի եզրափակիչը: Դա, ըստ բրիտանական մամուլի, կարող է եւ լինել նրա վերջին հանդիպումը որպես լոնդոնյան թիմի ֆուտբոլիստ: Նշվում է, որ կիսապաշտպանը չի մտնում գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հաջորդ մրցաշրջանի ծրագրերում: Թե որտեղ կհայտնվի Մխիթարյանը, մամուլը հստակ տարբերակներ չի նշում: Նոր թիմ գտնելու հարցում կարող է խնդիրներ ստեղծել այն հանգամանքը, որ նրա գործակալ Մինո Ռայոյան ՖԻՖԱ-ի կողմից 3 ամսով՝ մինչեւ օգոստոսի 9, զրկվել է տրանսֆերներ կատարելու իրավունքից:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ նախագահը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում»խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։  Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է […]
Share
Instagram
Telegram