Գործադիրը կրկին կմերժի «Լուսավոր Հայաստանին»

MasterNews

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հիպոթեքի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից օգտվելու հնարավորություն տալ մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում:

Ներկայումս հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման նպատակով եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում: Սակայն խնդիրն այն է, որ օրենքով տրված հնարավորությունը փաստացի գործում է բացառապես մայրաքաղաքի մասով, քանի որ միայն այստեղ է, որ իրականացվում է կապիտալ շինարարություն, իսկ մարզերում, արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ բնակելի շենքեր չեն կառուցվում, ինչի պատճառները բազմաթիվ են։ Օրինակ, մարզերում բնակարաններն արժեն մի քանի անգամ ավելի էժան, և այլն։

Հեղինակները կարծում են, որ առավել ընդունելի և արդար մոտեցում կլինի մարզերի բնակչության նկատմամբ, եթե նրանց թույլատրվի եկամտահարկի վերադարձից օգտվել նաև երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում:

Սակայն կառավարությունը համաձայն չէ ԼՀ խմբակցության պատգամավորների հետ, և վաղը կայանալիք նիստում նախատեսում է բացասական եզրակացություն տալ այս օրենսդրական փոփոխությանը:

Որոշման նախագծում նշված է, որ ՀՀ կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը առաջ կբերի մի շարք խնդիրներ, քանի որ եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրումը նպատակ է ունեցել բնակարանների և անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկի աճի հաշվին նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներից է, ակնկալվում է նշյալ գործիքի կիրառման միջոցով ոլորտում տնտեսական աճ ապահովել, իսկ տնտեսական աճից ստացվող հարկերի միջոցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստները:

Սա, ըստ էության, համակարգի ներդրման տնտեսական նպատակն է: Այս տեսանկյունից, ըստ կառավարության պաշտոնյաների, նախագծի ընդունումը չի բխում եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրման հիմնական նպատակադրումից, քանի որ նախագծի ընդունումը չի կարող նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը:

«Ավելին, նախագծի ընդունումը կարող է ունենալ ճիշտ հակառակ ազդեցությունն այն առումով, որ նոր կառուցվող բնակարանների ու անհատական բնակելի տների նկատմամբ ձևավորվող պահանջարկի մի մասը կարող է փոխարինվել երկրորդային շուկայում առկա բնակարանների ու անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկով»,- նշված է գործադիրի որոշման նախագծում:

Zham.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանում նոր վերելակներ կտեղադրեն, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն. ասել է Մարությանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու բացումից հետո խոսել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երեւանում վերելակները փոխելու խնդրին: «Մենք առաջին օրվանից […]
Share
Instagram
Telegram